ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հուլիսի 16-ին հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փո խնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է առաջիկայում Լատվիայի նախագահությունը Եվրոպական միությունում եւ հույս հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերություններին եւ Հայաստան-Լատվիա փոխգործակցությանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի հետ երկխոսության շարունակականությունը:

 

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ պարոն Շարմազանովը կարեւորել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորման ուղին պատերազմը չէ: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իրականացնում է ապակառուցողական եւ ապակայունացնող քաղաքականություն: Դեսպանն իր հերթին նշել է, որ Լատվիան եւ եվրոպական կառույցները ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են:

 

Անդրադառնալով 1915թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ ԱԺ փոխնախագահն ասել է, որ քանի դեռ միջազգային հանրությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել ու չի գնահատել այն որպես մարդկության դեմ գործած մեծագույն չարիք, նշանակում է դեռեւս չի բացառել նոր ցեղասպանությունների հնարավորությունը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր: Կարեւորվել է հարաբերություններին նոր լիցք հաղորդելու եւ շփման նոր եզրեր գտնելու անհրաժեշտությունը: