Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը հուլիսի 16-ին Սահմանադրական երդում է տվել խորհրդարանի անդամների առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, իր ելույթում նա նշել է, որ 3 տարի և 4 ամիս անց ժողովուրդը ասել է իր խոսքը, որոշում ընդունել և իրականացրել այն:
«Հալեպը բոլոր սիրիացիների սրտում և հոգում է: Չենք հանգստանա, մինչև Հալեպում չվերականգնվի անվտանգությունն ու հանգստությունը: Սիրիայի վերականգնումը հաջորդ փուլի խորագիրն է: Միմյանց ձեռք ձեռքի տալով՝ եկեք վերականգնենք Սիրիան՝ ապացուցելու, որ ահաբեկիչներից ավելի ուժեղ ենք»,- նշել է Ասադը՝ ավելացնելով, որ նոր փուլը կլինի ահաբեկչության դեմ վերջնական հաղթանակը: Նրա խոսքով' Սիրիան կմնա հպարտ գավազան օտարների համար: Սիրիայի Նախագահը նաև չի մոռացել սիրելի Ռակկան, որը շուտով կազատագրվի ահաբեկիչներից:
Ապա հաստատել է, որ ժողովուրդն իր ձեռքը զենք վերցնելով' պաշտպանում է իր իրավունքը: «Ես ամենից շատ եմ ցանկանում, որ սիրիացիները' նրանք, ովքեր ստիպված հեռացել են, վերադառնան:»,- ասել է Ասադը:
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ նա նշել է, որ դրանք իրական արդյունքներ էին: Եվ սիրիացիները ձախողեցին արտասահմանի ծրագրերը: Նա շնորհավորել է ազգին հաղթանակի համար՝ ողջունելով հայրենիքի հանդեպ նվիրվածությունը: Ըստ Ասադի' ընտրությունները կրակոց էին' ուղղված ահաբեկիչներին, և արդյունքները ցույց են տվել, որ ոչինչ չի կարող խանգարել հպարտ, ազատ ազգի կամքին:
Ասադն իր շնորհակալությունն է հայտնել Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին' սիրիական ժողովրդի որոշումը հարգելու համար: Ապա նշել է, որ այն, ինչ կատարվում է Սիրիայում, ուղղակիորեն կապված է Պաղեստինի իրադարձությունների հետ: Պաղեստինյան հարցը մնում է հիմնական խնդիրը:
Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 3-ին, որտեղ ձայների առավելությամբ հաղթել էր Բաշար ալ Ասադը՝ ստանալով քվեների 88,7 տոկոսը: Նախագահի պաշտոնում սա Ասադի 3-րդ ժամկետն է. նախկինում' 2000 և 2007 թվականաներին նա նախագահ էր ընտրվել ազգային համընդհանուր քվեարկության արդյունքում: