Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութղօլուն Արեւմուտքի էժանագին խաղալիքներն են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը' Լիբանանի «Ալ Մենար» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Բաշար Ասադը հարցազրույցում հանդես է եկել Թուրքիայում վերջն շրջանում գրանցված ահաբեկչությունների և դրանց հովանավորների մասին հետաքրքրական հայտարարություններով:
«ԱՄՆ-ը Սիրիայում չի ցանկանում ոչ ահաբեկիչների հաղթանակը, ոչ էլ նրանց ուժեղանալը: Շահագրգռված չլինելով տարածաշրջանի կայունությամբ' Վաշինգտոնն աշխատում է, որպեսզի այստեղ մշտապես բախումներ լինեն», -ասել է նա:
Նշելով, որ Սիրիայում գտնվող ահաբեկիչները հանդիսանում են Իսրայելի հարվածող ձեռքը, Ասադն ասել է. «ահաբեկիչներն Իսրայելից ավելի վտանգավոր են: Ահաբեկիչների հետ համախոհ Իսրայելը Սիրիայի վրա մերթընդմերթ հարձակվելու քաջություն է դրսեւորում»:
Էրդողանին անվանելով ահաբեկիչների «գործընկեր սուլթան»' Սիրիայի նախագահն ակնարկել է, որ նրա «երազանքները փուչ են դուրս եկել Եգիպտոսում եւ Թունիսում»:
Էրդողանին եւ Դավութօղլուին բնութագրելով «Արեւմուտքի համար արժեքը կորցրած խաղալիքներ»' Բաշար Ասադն ասել է. «Նրանք երազում են Սիրիայում բուֆերային գոտի ստեղծել, սակայն, եթե նրանց աղաները (ԱՄՆ-ը) դա թույլ չտան, ապա նրանք այդ ուղղությամբ քայլ անգամ չեն կարող անել»:
Իր հասցեին եւ Սիրիայի դեմ Սաուդյան Արաբիայի ղեկավարության թշնամական պահվածքի հետ կապված Բաշար Ասադն ասել է. «Մենք, իհարկե, կարող ենք արձագանքել նրանց անպատասխանատու ելույթներին, սակայն, ափսոս, որ նրանք դեռեւս մուտք չեն գործել մշակութային դարաշրջան: Ի՞նչ է, դուք կարծում եք, որ քաղաքակրթությունից հեռու կանգնած նրանց նման մարդիկ կարո՞ղ են խոսել իսկական բարոյական սկզբունքների մասին»: