Դամասկոսի բնակելի թաղամասերում հուլիսի 17-ին հրասանդներ են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրասանդներից մեկն ընկել է Զաբլատանի թաղամասում, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել:

 

Մոտակայքում կայանված մեքենաները նյութական վնասներ են կրել: Մյուս հրասանդ էլ ընկել է «Աբբասիին» հիվանդանոցի մերձակայքում, որի հետևանքով 1 մարդ է վիրավորվել:

 

Դամասկոսում Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի երդմնակալությանը օրը՝ հուլիսի 16-ին, Շաալան թաղամասում, Օմայան հրապարակում, «Շերատոն» հյուրանոցի մերձակայքում հրասանդներ էին ընկել, որոնց պայթյունի հետևանքով 4 քաղաքացի զոհվել, ևս 30-ը' վիրավորվել էր: Զինված ընդդիմադիրները խոստացել էին երդմանկալության օրը անակնկալներ մատուցել սիրիացիներին:

 

Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ Դարաայում և մերձակա գյուղերում հուլիսի 17-ին թեժ բախումներ են ընթանում սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև: Բանակը կանխել է զինյալների մուտքը Բուսար, Սարայա, Ֆակիա գյուղեր: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: