«Ջեյշ ալ Իսլամ» ահաբեկչական խմբավորումը հոկտեմբերի 14-ին ռմբակոծել է Դամասկոսի Մզզե-86 թաղամասը:
Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը, Ջոբար թաղամասից 4 հրթիռի արձակման հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել, շրջակայքը նյութական վնասներ է կրել:
Սիրիական բանակը հոկտեմբերի 14-ին Հոմսի նահանգում գտնվող Հուլա քաղաքի մերձակայքում յոթ ահաբեկչից բաղկացած խումբ է ոչնչացրել: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, ահաբեկիչները «Ահրար աշ Շամ» խմբավորման անդամներ են: Սպանված ահաբեկիչների թվում է նրանց ղեկավար Ամմար ալ Հոդրը:
Ռազմական գործողություններն ահաբեկիչների դեմ շարունակվում են Դարաայում: Աթման գյուղաքաղաքի մերձակայքում զենքերով լի մեքենա է ոչնչացվել:
Մյուս կողմից' Հորդանանի հետ սահմանի մերձակայքում հատուկ ծառայություն իրականացնելիս «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել, ոչնչացվել են նրանց զենքերը: Տեղական աղբյուրները հաստատում են, որ տասնյակ ահաբեկիչներ շարունակում են փախուստի դիմել դեպի Հորդանանի տարածքներ:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: