ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայքներ և ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի աշխատանքային այցը Տավուշի մարզ սկսվել է Այգեձոր համայնքից, ուր մարզպետ Հովիկ Աբովյանի հետ ծանոթացել է «Էկոգարդեն արտադրական կորպորացիա» ՍՊԸ-ի գործունեությանը:
2011թ.-ին հիմնադրված այս ընկերությունն ունի 45 աշխատող, գյուղացիական տնտեսություններից մթերում է պտղի և բանջարեղենի գրեթե բոլոր տեսակները' տարեկան արտադրելով մինչև 200 տ մուրաբաներ, պահածոներ, հյութեր և մարինացված բանջարեղեն:
Առաջիկայում նախատեսվում է հիմնել հատապտուղների մշակության նոր պլանտացիաներ, ինչը հնարավորություն կտա երկարացնել արտադրության ժամանակահատվածը, ընդլայնել արտադրանքի ծավալներ ն ու ավելացնել աշխատատեղերը: Այս առումով ընկերությունն աջակցության անհրաժեշտություն ունի, այդ թվում' նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:
Նախարարը խնդրել է որոշակիացնել սպասվող օժանդակությունը և խոստացել հնարավորինս օգտակար լինել ընկերությանը:
Այցելությունը շարունակվել է Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ համայնքներում, ուր նախարարը հանդիպել է գյուղացիներին, լսել նրանց հուզող հարցերը՝ կապված հիմնականում պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունների հետ:
Հատկապես կարևորվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրում ընդգրկվելու խնդիրը, որի հետ են նշված համայնքների ղեկավարները կապել իրենց համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման հեռանկարը: Բարձրացված հարցերին նախարարը խոստացել է ընթացք տալ՝ վերջիններիս լուծման հնարավորություններին հանգամանորեն ծանոթանալուց հետո:
Արծվաբերդում նախարարը եղել է նաև սերմնաբուծական տնտեսության դաշտերում, ծանոթացել ցորենի, լոբու և եգիպտացորենի ցանքերին: Չինարի համայնքում, ինչպես նաև սահմանամերձ մյուս գյուղերում, ուր այցելության ընթացքում եղավ նախարարը, դժվարին պայմաններում կարողանում են նույնիսկ ավելացնել ցանքերի տարածքները:
Չինարիում, օրինակ, 60 հեկտարով ավելացվել են ցորենի ցանքերը: Նախարարին այստեղ խնդրեցին օժանդակել 5 հեկտարի համար ցորենի էլիտային սերմացուի ձեռքբերման հարցում, որին ի պատասխան' նախարարը խոստացավ անհատույց տրամադրել նշված սերմացուն:
Այցելության ընթացքում նախարարը եղել է նաև սահմանամերձ այլ գյուղերում, հավաստիացել, որ մթնոլորտն այստեղ հանգիստ է և աշխատանքային, հանգամանորեն զրուցել գյուղացիների հետ, դրվատանքի խոսք ասել նրանց ոչ միայն դժվարին, այլև վտանգավոր աշխատանքի վերաբերյալ, և խոստացել ըստ ամենայնի ու հնարավորինս օժանդակել նրանց գյուղատնտեսությանն առնչվող բոլոր հարցերում:
Այցելության ավարտին նախարարը Բերդ ավանում հանդիպել է գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության խոչընդոտող դժվարություններով մտահոգված մի խումբ տնտեսվարողների և մասնագետների հետ:
Վերջիններս խոսել են այնպիսի օրախնդիր հարցերից, ինչպիսիք են հողերի մասնատվածության վերացումը, տնտեսությունների խոշորացումը, գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման պայմանների մատչելիության ապահովումը և այլն: Այստեղ նույնպես նախարարը խոստացել է մանրամասնորեն ուսումնասիրել բարձրացված հարցերը և հնարավորության դեպքում օժանդակել վերջիններիս լուծմանը: