Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Մինդիա Ջանելիձեն խոստացել Է չփոխել եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու եւ ՆԱՏՕ-ին մերձենալու երկրի զինված ուժերի քաղաքականությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Զինված ուժերի զարգացման քաղաքականությունը մնում Է անփոփոխ. դա կառավարության եւ վրաց ժողովրդի ընտրությունն Է: Այն կնպատակամղվի եվրատլանտյան կառույցներին ինտեգրացվելուն: Ամեն ինչ կանենք, որպեսզի Էլ ավելի մոտենանք ՆԱՏՕ-ին»,-հայտարարել Է Ջանելիձեն նոյեմբերի 5-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ:

 

Նրա խոսքով՝ պաշտպանկան գերատեսչությունը կշարունակի համագործակցությունը երկրի ռազմավարական գործընկերների՝ ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հետ:

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախօրյակին հայտարարել Է Իրակլի Ալասանիային պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու մասին: Վերջին օրերին Վրաստանի դատախազությունը հայտարարել է պաշտպանության նախարարության պաշտոնյաների նկատմամբ միանգամից երեք քրեական գործ հարուցելու մասին: Առաջին սկանդալը ծավալվել է նախարար Իրակլի Ալասանիայի արտասահմանյան ուղեւորության ժամանակ. պաշտպանության նախարարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են առանձնապես մեծ չափերի վատնումների մեղադրանքով:

 

Ալասանիան ինքը նախօրյակին կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարարության դեմ միտումնավոր գրոհի մասին: Նա ասել Է, թե իր դեմ քաղաքական պայքար է սանձազերծված եւ իրեն կարող են ձերբակալել:

 

«Դա հնարավոր մրցակցի եւ ընդդիմախոսի քաղաքական ոչնչացման փորձ է, քաղաքական սպանության փորձ: Բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Ես կարող եմ ասել բոլոր նրանց, ովքեր դա պլանավորել են՝ չկա այնպիսի մի բան, որով կարելի է ինձ վախեցնել, որպեսզի ես հրաժարվեմ իմ երկրի եվրոպական ինտեգրացման նպատակից»,- հայտարարել է Ալասանիան: