ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը խոստացել է 2015 թվականին այցելել Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար Թինաթին Խիդաշելին, որը հունիսի 1-ին Ստոլտենբերգի հետ հանդիպում է ունեցել դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում:
Հանդիպմանն առանձնակի ուշադրություն է դարձվել Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքների համատեղ կենտրոնի ստեղծմանը: Ինչպես հայտարարել է Խիդաշելին, արդեն որոշում է ընդունված կենտրոնի գտնվելու վայրի մասին, և վրացական կողմը վերջնական պատասխան է սպասում դաշինքից:
«Գլխավոր քարտուղարը մեզ խոստացավ, որ այս տարվա ընթացքում կժամանի Վրաստան և, գուցե, մենք վարժական կենտրոնը սիմվոլիկ բացենք նրա այցի ընթացքում»,- ասել է Խիդաշելին:
Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները և այն ուղղությունները, որոնք նախատեսված են դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտմանը նպաստող միջոցառումների փաթեթով: Միջոցառումների այդ փաթեթը հաստատվել է ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 4-5-ին:
Քննարկման գլխավոր թեման եղել է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը, որը 2016 թվականի հուլիսին անցկացվելու է Վարշավայում: Վրացական կողմի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր ստանալն է այդ գագաթնաժողովում:
«Վարշավայի գագաթնաժողովը կլինի ինչպես այդ հանդիպման, այնպես էլ մինչև եկող տարվա հուլիսի 9-ը իմ ցանկացած այլ հանդիպման հիմնական թեման: Մեր դիրքորոշումը հայտնի է. մենք պահանջում ենք, որ Վրաստանն անցնի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների որակապես նոր փուլի»,- հայտարարել է Խիդաշելին: