Փետրվարի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին։

 

 

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երկու բարեկամ երկրների միջև ակտիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը։

 

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թինաթին Խիդաշելին ներկայացրեց իր այցելության նպատակները, Պաշտպանության նախարարությունում ունեցած հանդիպման արդյունքները։

 

 

Հանդիպմանն անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման հնարավորություններին։

 

 

Նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հարցերի շուրջ։

 

 

Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի պաշտպանության նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։