ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որը Հարավային Ուելսում տեղի կունենա սեպտեմբերի 4-5-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:
Ինչպես սեպտեմբերի 1-ին հայտնել Է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը, Վրաստան Հեյգելի այցի ընթացքում օրակարգի հիմնական թեման կլինի «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ կապված հարցերը»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների ու դասախոսների հետ սեպտեմբերի 1-ին կայացած ավանդական ամենամյա հանդիպմանը հայտարարել Է, որ Ուկրաինայի իրադրությանը ռազմական միջամտություն չի լինի:
«Ռազմական միջամտություն չի լինի: Մենք հանդես ենք գալիս այդ ծանրագույն ճգնաժամը, այդ ողբերգությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին»,-ընդգծել Է Լավրովը:
«Այն ամենը, ինչ մենք անում ենք, նպատակամղված Է հենց քաղաքական մոտեցման առաջշարժմանը: Ցավոք, մեր արեւմտյան գործընկերները, ըստ իս, կուրացած են իրադրությամբ, եւ այն ամենը, ինչի մասին հայտարարում եւ ինչ անում են Ուկրաինայի ներկայիս իշխանությունները, ստանում Է Արեւմուտքի աջակցությունը»,-ասել Է Լավրովը: