Գերագույն ռադան մարտի 25-ին ընդունել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնից Իգոր Տենյուխի հրաժարականը: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի 228 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի դեպքում, տեղեկացնում է «Ուկրինֆորմը»:
Սա հանրապետության խորհրդարանում արդեն երկրորդ քվեարկությունն է Պաշտպանության նախարարի պաշտոնաթողության շուրջ: Այսօր ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավորները չեն պաշտպանել Իգոր Տենյուխի պաշտոնաթողության վերաբերյալ խորհրդարանի որոշումը: Այն ժամանակ համապատասխան որոշման օգտին քվեարկել էր 197 պատգամավոր:
Տենյուխի հրաժարականն ընդունելուց հետո Գերագույն ռադան Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակել Միխայիլ Կովալին: Այդ որոշման օգտին քվեարկել է 251 ժողովրդական պատգամավոր:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը նշել է, որ Կովալը փորձառու զինվորական է, գեներալ-գնդապետ և կկարողանա կատարել «մեր պետության պաշտպանության առաջադրանքը»: