Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դատապարտել Է Աֆղանստանի նկատմամբ «Արեւմուտքի ոչ ճիշտ քաղաքականությունը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը:
«Ոչ ճիշտ գործողությունները երկրում եւ ամբողջ տարածաշրջանում հանգեցրին արմատականության եւ ծայրահեղականության աճին»,- ասել Է Զարիֆը, որը ժամանել Է Պեկին՝ մասնակցելու Աֆղանստանին նվիրված միջազգային խորհրդաժողովին:
Սակայն քաղաքական գործիչը չի ճշտել, թե արեւմտյան երկրները ինչ միջոցներ պետք Է ձեռնարկեն ներկա իրադրությունը բարելավելու համար:
Դրա հետ մեկտեղ իրանցի նախարարը գոհունակություն Է հայտնել Աֆղանստանում կայացած ընտրությունների արդյունքների եւ այնտեղ ազգային միասնության կառավարության ստեղծման կապակցությամբ: Նա հույս Է հայտնել, որ այսպես կոչված «Ստամբուլի գործընթացի» շրջանակներում Չինաստանում անցկացվող չորրորդ խորհրդաժողովը «կօգնի ամրապնդել Աֆղանստանի կայունությունն ու անվտանգությունը»: Պեկինի խորհրդաժողովին կմասնակցեն երկու տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:
«Ստամբուլի գործընթացը» իր անվանումն ստացել Է Թուրքիայի խոշորագույն քաղաքից, որտեղ 2011 թվականին հավաքվել Էին տասնյակ պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու Աֆղանստանի իրադրության կայունացման խնդիրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: