ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հավանական չի համարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների վերսկսումը' միաժամանակ նշելով, որ Հայաստանն առաջնորդվում է «Ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմին» կարգախոսով:

 

Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո: «Քանի դեռ գործնականում հաշտության պայմանագիր կնքված չէ, տեսականորեն պատերազմի վերսկսման վտանգ կա. եթե չկա հաշտության պայմանագիր, մենք ապրում ենք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը մշտապես հրաժարվում է հանել իր դիպուկահարներին շփման գծից, ավելին' մերթընդմերթ դիմում է ռազմական արկածախնդրությունների, ինչպես նաև Արդբեջանի ղեկավարությունը մշտապես իրակացնում է ապակայունցմանն ուղղված գործողություններ, որը չի բխում Մինսկի խմբի ձևաչափի ու խաղաղ բանակցությունների տրամաբանությունից' բնական է, որ մենք պետք է առաջնորդվենք «ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմին» կարգախոսով»- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ընմդգծեց նա' հավելելով, որ այդ պատճառով է, որ Հայաստանը շատ ավելի ուշադիր է, իսկ թեման' ուշադրության կենտրոնում:

 

«Ես մշուշոտ եմ համարում և գործանակում գրեթե ոչ հավանական պատերազմական գործողությունների վերսկսումը, որովհետև դա կապված է բազմաթիվ գործոնների հետ: Բոլորն են գիտակցում, որ ցանկացած նման արկածախնդրության գնալն ավելի աղետալի կլինի այն կողմի համար, որը կգնա դրան»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: