Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով հուլիսի 25-ի դրության զոհերի թիվը հասել է 807-ի,իսկ վիրավորներինը՝ 5237-ի: Իսրայելական զոհված զինվորների թիվը գերազանցել է 30-ը, իսկ վիրավորների թիվը հասել է 200-ի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ՀԱՄԱՍ-ի հետ կապված զինված խմբավորումները հուլիսի 25-ի գիշերը Լիբանանի հարավից 2 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնք, սակայն, պայթել են Լիբանանի տարածքում:
Պաղեստինյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Գազայի հատվածում վաղ առավոտյան 4 պաղեստինցիներ են զոհվել, այդ թվում՝ 3 կանայք: Բացի այդ, պաղեսինցի երկու կին զոհվել են Դեր Բալահի շրջանում օդային ռմբակոծության հետևանքով:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է դադարեցնել կրակը Գազայի հատվածում՝ նշելով, որ Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Գազայի հատվածում մինչև անվտանգության և հանգստության հաստատումը:
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություններն սկսել է հուլիսի 8-ից: