Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 500 մարդ և վիրավորվել ավելի քան 3150-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հուլիսի 20-ին իսրայելական օդուժի ռմբակոծության հետևանքով Գազայի Շուջաիա թաղամասում ավելի քան 70 մարդ է զոհվել և վիրավորվել ևս 210-ը: Հուլիսի 21-ին Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռմբակոծության հետևանքով 16 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 7 երեխա: Ռումբերն ուղղվել են բնակելի տների ուղղությամբ: Տեղեկություններ կան, որ Գազայի հատվածում Ամերիկայի 2 քաղաքացի է զոհվել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակին: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մեկնել է Կահիրե՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև Եգիպտոսի կողմից առաջարկած զինադադարի վերաբերյալ հարցեր:

 

ՄԱԿ-ը խիստ մտահոգված է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը չի թաքցրել իր հիասթափությունը ՄԱԿ-ի արտահերթ նիստի արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ հույս ունեին՝ ՄԱԿ-ը կդատապարտի Իսրայելի դրսևորած ագրեսիան: Մոտ ժամերին ՄԱԿ-ը կրկին արտահերթ նիստ կգումարի Գազայում իրավիճակը քննարկելու համար:

 

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունն սկսել է հուլիսի 8-ից: Պաղեստինի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել են հազարարավոր հրթիռներ: Մինչև այժմ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է մեկ իսրայելցի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 20-ը: