Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ տարեցտարի հանրությունը կտեսնի կառավարության գործունեության արդյունքները: Դիլիջանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր պաշտոնավարման 100-օրվա արդյունքներին' վարչապետը նշեց. «Համոզված եմ, որ իրականությունը տեսնել ցանկացողները տեսնում են, որ շատ հարցերի շուրջ կոնկրետ որոշումներ են կայացվում: Մենք չունենք կախարդական փայտիկ, որ 100 օրում ամեն ինչ անենք: Ժամանակ է պետք, ֆինանսական ռեսուրսներ, բայց որ մենք քաղաքական կամք ունենք, մեր առջև ծառացած խնդիրներին լուծումներ ենք տալու, դա ակնհայտ է»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ'ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունն անհիմն խոստում չի տալիս, տալիս է այնքան, որքան կարողանալու է իրականացնել:
«Մենք հաշվենկատ ենք մեր խոստումների մեջ: Ավելի լավ է քիչ խոստանանք ու անենք ավելին, քան շատ խոստանանք ու քիչ բան անենք: Համոզված եմ, որ ապագայում ունենալու ենք հաջողություն, բայց հանրությունը պետք հասկանա, որ դրա համար ժամանակ է պետք»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը: Անդրադառնալով ստվերի դեմ պայքարին' ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարությունն այդ ուղղությա ծրագրված կերպով շաևժվելու է առաջ: «Բոլորը հասկանում են, որ ստվերը միանգամից հնարավոր չէ վերացնել: Բոլոր երկրներում կա ստվեր, ուղղակի մեր երկրում այն մի փոքր ավելի է: Պետք է փորձենք կրճատել այն: Հուլիսի 1-ից բոլորի համար թափանցիկ կերպով քայլեր արվում են: Մենք կոծկելու խնդիր չունենք, հանրությունից թաքցնելու բան չունենք: Փորձելու ենք խոսել ապագայի, ոչ թե անցյալի մասին»,-ասաց Հովիկ Աբրահամյանը' կոչ անելով բոլորին գնահատել դրական տեղաշարժը:
Պատասխանելով հարցին' գո՞հ է կառավարության աշխատանքից, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ փոփոխություններ միշտ էլ հնարավոր են, սակայն առայժմ դրա կարիքը չկա: «Ծրագրերը, որոնք խոստացել են նախարարները, պետք է իրականացնեն, դա նրանց աշխատանքի գնահատականն է լինելու»- ընդգծեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակավել է 2014 թվականի ապրիլի 13-ից: