Հայաստանի Հանրապետության «Փամբակ» լեռնային ուսումնավարժական համալիրում սկսվել են ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների՝ լեռնային, ալպինիստական եւ հատուկ պատրաստության պարապմունքները: Հետախուզության պետի ղեկավարությամբ հատուկ դասընթացը կշարունակվի մինչեւ ընթացիկ տարվա օգոստոսի վերջը:
Նախքան ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա զինծառայողների հատուկ պատրաստությանը ձեռնամուխ լինելը, նրանք զորավարժարանում անցել են կապի կազմակերպման, տեղագրության, ինժեներական, բժշկական, կրակային, մարտավարական պատրաստություն: Պարապմունքների ընթացքում հետխույզները յուրացրել են «Նավոդչիկ-2» եւ «Զաստավա» անօդաչու թռչող ապարատների համալիրների կիրառումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքների ընթացքում, որոնց կմասնակցեն ավելի քան 300 հետախույզ մասնագետներ, լեռնային պատրաստության հրահանգիչները նրանց կսովորեցնեն կապել ալպինիստական հանգույցներ, ընտրել հատուկ հանդերձանք եւ հարմարեցնել այն: Ուսուցանվողները փուլ առ փուլ կյուրացնեն անհատական կարգով եւ մարտական խմբերի ու ջոկատների կազմում տեղանքի ժայռոտ լեռնային հատվածների, լեռնային գետերի, խնձահովիտների արագ եւ անվտանգ հաղթահարման եւ լեռներում բանակատեղիի կազմակերպման հարցերը: