Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել Է մի շարք ստորաբաժանումների մարտական պատրաստության ստուգումը մարտավարական զորավարժությունների ընթացքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթահրթիռային, հետախուզական, ինժեներային, կապի ստորաբաժանումների վարժանքները, անօդաչու եւ բանակային օդուժի աջակցությամբ, անցկացվում են «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում:
Մարտավարական վարժանքները տեղի են ունենալու ցերեկային ու գիշերային ժամերին՝ զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ: Ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա փորձարկվելու Է հետախուզական-կրակային եւ հետախուզական-հարվածային կոնտուրների կիրառման նոր մեթոդիկան:
Զինծառայողները զորավարժությունների ընթացքում նորմատիվներ կհանձնեն մարտավարական պատրաստությունից, մարտական մեքենաների վարումից, հրաձգությունից: Զորամիավորման վաշտային մարտավարական խումբը նաեւ համալիր փորձարկում կանցնի մարտական պատրաստության հիմնական առարկաների գծով, այդ թվում՝ կիրականացնի պայմանական հակառակորդի օբյեկտների հետախուզում եւ հրետանու ու օդուժի կրակի շտկում:
Ընդամենը ստուգմանը ներգրավված են 500-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 100 միավոր ավտոմոբիլային ու զրահատանկային տեխնիկա, այդ թվում՝ Մի-24Պ, Մի-8Մտ ուղղաթիռներ եւ ժամանակակից անօդաչու թռչող համալիրներ: