«Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ռուսական ռազմակայանի զորքերի պլանային մարտավարական վարժանքների եզրափակիչ փուլը՝ զորախմբի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու ղեկավարությամբ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

 

 

Մեկ շաբաթվա ընթացքում շուրջ երկու հազար զինծառայողներ ավելի քան 500 միավոր ռազմական ավտոմոբիլային ու զրահատանկային տեխնիկայով տարատեսակ հատուկ առաջադրանքներ Էին կատարում ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկի ընդհանուր հրամանատարությամբ:

 

 

Վարժանքների ընթացքում հարձակողական, պաշտպանողական գործողություններ են իրականացվել ռուսական ռազմակայանի բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ, կատարվել են 30, 50 եւ 100-կիլոմետրանոց ռազմերթեր: Օդից մարտական գործողություններ վարող ստորաբաժանումներին աջակցել Է ավիացիոն միավորումը՝ չորրորդ սերնդի ՄիԳ-29 ժամանակակից թեթեւ ռազմաճակատային կործանիչներով:

 

 

Հետախուզում իրականացնելու եւ հրետանու կրակն ուղղորդելու համար զորավարժությունների ընթացքում կիրառվել են «Նավոդչիկ-2» արդիական անօդաչու թռչող համալիրներ:

 

 

Հայաստանում առաջին անգամ անցկացվող նմանօրինակ զորավարժություններին հետեւել Է համալիր հանձնաժողովը, որը եւ արդյունքների ամփոփումից հետո օբյեկտիվ գնահատական կտա ըստ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստության բոլոր ցուցանիշների: