ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Գյումրիում հուլիսի 25-ին տեղի ունեցած սպանության մանրամասները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սուր-ծակող-կտրող գործիքից ստացած արյունահոսող վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1978 թ. ծնված Էդգար Անտիկյանը, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել էր:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հուլիսի 25-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 1985 թ. ծնված, նախկինում դատված Վաղինակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 46 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով հարվածել և սպանել Էդգար Անտիկյանին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Վաղինակ Ս.-ն տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի ՁՊՎ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: