Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն սրբազան Միրզախանյանը հանդիպել է Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ազգային փոքրամասնությունների հարցով խորհրդական Սոֆիա Շամադինի հետ եւ քննարկել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Վիրահայոց թեմի մամուլի ծառայության ղեկավար Սուսաննա Խաչատրյանը հայտնեց, որ կողմերը քննարկել են ինչպես եկեղեցում տեղի ունեցած միջադեպն, այնպես էլ Վրաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրներն ու նրանց իրավունքների հետ կապված հարցերը:
«Եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպը գտնվում է Վրաստանի կառավարության ուշադրության կենտրոնում եւ այս առումով շատ կարեւոր է, որ հենց Նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդականն է հանդիպել սրբազանի հետ: Շատ կարեւոր է, որ պաշտոնապես Սոֆիա Շամադինին դատապարտել է տեղի ունեցածն ու անընդունելի համարել բռնությունը' հույս հայտնելով, որ միջադեպի առնչությամբ նախաքննությունը շուտով կավարտվի եւ մեղավորները կպատժվեն»,- ասաց Սուսաննա Խաչատրյանը:
Նա շեշտեց, որ գործի վերաբերյալ ընթանում է նախաքննություն եւ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը հետեւելու է, որպեսզի հարձակման կազմակերպիչները պատժվեն եւ այդ կերպ բացառվի որեւէ եկեղեցու վրա հարձակման կրկնությունը: «Մենք հետամուտ ենք լինելու, որ բացահայտվեն կազմակերպիչները, որ նրանք արժանի պատիժ կրեն, որպեսզի դա օրինակ լինի բոլորի համար' հասկանալու համար, որ անընդունելի է եկեղեցու վրա հարձակումը»,- ընդգծեց Խաչատրյանը' հավելելով, որ թեպետ վրաց եկեղեցականների կողմից հաճախ են հանդիպում բացասական վերաբերմունքի, երբեմն արհամարհանքի եւ անհանդուրժողականության որոշակի դրսեւորման, այնուամենայնիվ, շարունակում են հավատացած լինել, որ որոշ քահանաների բացասական վերաբերմունքը չի կարող ազդեցություն թողնել հայ-վրացական դարավոր հարաբերությունների ու երկու երկրների ժողովուրդների բարեկամության վրա:
Հուլիսի 19-ի երեկոյան ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Վրաստանի ՆԳՆ-ն կատարվածը որակել է կենցաղային միջադեպ: Միջադեպի կապակցությամբ Վրաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ տարածել էին հայտարարություն' դատապարտելով կատարվածն ու կոչ անելով Վրաստանի իրավապահ մարմիններին բացահայտել եւ պատժել միջադեպի կազմակերպիչներին եւ մասնակիցներին: