Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Հայաստանի պատվիրակությունը ափսոսանքով հայտնում է, որ հուլիսի 26-ին տեղի ունեցած կրակոցների պատճառով ստիպված է եղել կասեցնել իր նախաձեռնությունը՝ ուղղված Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչների բերքահավաքի աջակցմանը:
Համաձայն զինված հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանն աջակցելու իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն համաձայնել էր ներկա գտնվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծին գտնվող Չինարիի արտերում՝ բերքահավաքի աշխատանքների կատարման ընթացքում:
Ինչպես նշվում է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու «Արմենպրես»-ին տրամադրած հայտարարության մեջ, նշված օրը կրակոցներից ոչ ոք չի տուժել, սակայն ԿԽՄԿ-ի մեքենային հասցվել է որոշակի վնաս: Նախքան միջադեպը՝ ԿԽՄԿ-ի ներկայությամբ գյուղացիները կարողացել են անվտանգ պայմաններում մշակել հողատարածքների չորս հեկտարը:
ԿԽՄԿ-ի քաղաքականությունն է անվտանգության հետ կապված խնդիրները հասցեագրել համապատասխան իշխանություններին՝ գաղտնի երկխոսության միջոցով: Այսպիսով, ԿԽՄԿ-ն հրապարակավ չի մեկնաբանում նմանօրինակ միջադեպերի հանգամանքները, ինչպես նաև թե որ կողմը կարող էր նախաձեռնել կրակոցները: Իր քաղաքականությամբ ԿԽՄԿ-ն հնարավորություն է ստեղծում երկխոսելու իշխանությունների հետ, որպեսզի կարողանա շարունակել իր գործունեությունը՝ ի նպաստ զինված հակամարտությունների հետևանքներից տուժող մարդկանց:
ԿԽՄԿ-ն պատրաստակամ է աշխատելու հօգուտ միջազգային սահմանագծի մերձակայքում ապրող քաղաքացիական բնակչությանը և կշարունակի իրականացնել սահմանամերձ տարածքներում իր մյուս նախաձեռնությունները:
Հայաստանի սահմանամերձ Այգեպարի և Չինարիի գյուղապետերը դիմել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակին՝ միջնորդելու, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմից դադարեցվի կրակը խաղաղ բնակչության և գյուղտեխնիկայի ուղղությամբ: ԿԽՄԿ ներկայացուցիչները ներկա են գտնվել գյուղատնտեսական աշխատանքների ընթացին, որը, սակայն, խաթարվել է՝ հնչած կրակոցների պատճառով: Նույնիսկ կոտրվել են ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչների ավտոմեքենայի ապակիները: