Նրանից հետո, երբ ԼՂՀ պաշտպանության բանակը' ի պատասխան Ադրբեջանի ՊՆ հերքումներին հրապարակել է լուսանկարներ, որոնք վկայում են, որ հայկական կողմը կանխել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի թափանցման փորձը, Ադրբեջանը հրապարակել է հուլիսի 31-ին արցախյան եւ ադրբեջանական ուժերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական դիրքերի վրա ադրբեջանական կողմի հարձակման ժամանակ զոհված իր զինծառայողների ցուցակը, որ շարունակում է լրացնել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ն հայտնում է, որ փոխհրաձգության ժամանակ զոհվել են զինծառայողներ Հուսեին Էթիբար օղլու Աբդինովը, Ալի Ռահիմովը, Մուստաֆա Ալիջոշգունովը, Սաֆթար Մամեդովը, Էլնուր Իբրահիմովը, Վյուգար Փոլադովը, պայմանագրային զինծառողներ Էլվին Ասքերովը, Գարյաղդը Էլդար օղլու Ահմեդովը (ծնվ. 1992 թ.), ենթասպա Իսա Զիյադ օղլու Ալմազովը (ծնվ. 1977 թ.): 5 զինծառայողներ էլ վիրավորվել են: Վիրավորվածների անունները ճշտվում են:
Հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ' հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում զոհվել են ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողներ' Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Աշոտ Արթուրի Ասոյանը: Միջադեպի մանրմասները պարզելու համար տարվում է հետաքննություն:
Ներկայում ադրբեջանական կողմից հարձակման ենթարկված տարածքն ամբողջությամբ գտնվում է Արցախի ՊԲ վերահսկողության տակ: Անցկացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հակառակորդից առգրավվել է մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն եւ տեխնիկական միջոցներ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 62 զինծառայող, որոնցից 42-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 102 զինծառայողներ էլ վիրավորվել են: