Ադրբեջանը շարունակում է հաշվել անցած գիշերվա ընթացքում ադրբեջանա-ղաբաղյան հակամարտ ուժերի հյուսիսարեւելյան ուղղությամբ (Մարտակերտ) հայ դիրքապահների նկատմամբ իրագործված հերթական հետախուզական-դիվերսիոն գործողության ժամանակ տված զոհերի եւ վիրավորների թիվը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ANS հեռուստաալիքը հայտնում է, որ գործողությունների ժամանակ ադրբեջանական կողմի կորոստը հասել է 5-ի: Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ադրբեջանական բանակի 8 զինծառայողներ: 5-րդ զոհի անունը դեռեւս հայտնի չէ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ավելի վաղ խոստովանել էր, որ գիշերվա մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական բանակը 4 զինծառայող է կորցրել: Սպանվածների մեջ են' ենթասպա Փարվին Սալահադին օղլու Ալիեւը, կրտսեր ենթասպաներ Ռահիլ Աֆսար օղլու Հուսեյնովը եւ Էլչին Ռասիմ օղլու Ահմեդովը, պայմանագրային զինծառայող զինվոր Սարխան Հեյրաթ օղլու Գուլիեւը: Ադրբեջանի ՊՆ հայտնել էր եւս երեք զինծառայողների վիրավորվելու մասին' նշելով, որ «հակառակորդի դեմ խոշոր տրամաչափի գնդացիրներ եւ տանկային հրանոթներ են կիրառում»:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս պատճառելով մարդկային եւ նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Հակառակորդը մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր եւ այլ տեխնիկական միջոցներ:
Ցավոք թեժ դիմակայության ընթացքում Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիարաբար նահատակվել է ՊԲ զինծառայող Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը (ծնվ. 1989 թ.):