ՄԱԿ-ը հայտարարել է, որ հուլիս ամսվա ընթացքում Իրաքում ահաբեկչությունների և բռնությունների զոհ է դարձել 1737 մարդ, վիրավորվել են մոտ 2 հազարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զոհերից 1186-ը խաղաղ քաղաքացիներ են, 106-ը՝ ոստիկանության աշխատակիցներ, իսկ 551-ը՝ իրաքյան բա նակի զինվորներ:

 

Վիրավորների մեծամասնությունը կրկին խաղաղ քաղաքացիներ են: Վիճակագրական տվյալների մեջ չեն ընդգրկվել Անբարի մարզի մարդկային կորուստները:

 

Իրաքում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը մտահոգված է հատկապես քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թվի աճով: Նա նշել է, որ կանանց, երեխաներին և հիվանդներին առավել մեծ վտանգ է սպառնում:

 

Մլադենովը հակամարտող կողմերին կոչ է արել պաշտպանել քաղաքացիներին և հարգել մարդու միջազգային իրավունքը: Ինչպես նաև կոչ է ուղղել իրաքցի քաղաքական գործիչներին կազմավորել նոր կառավարություն, որը կկարողանա ճնշել Իրաքում տեղի ունեցող բռնությունները:

 

Իրաքում իրավիճակը կտրուկ վատացել էր, երբ հունիսի սկզբից «Իսլամական պետություն» կոչվող խմբավորումը լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: Խմբավորման վերահսկողության տակ են գտնվում Անբարի շրջանի մի քանի քաղաքներ, ինչպես նաև Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը: