Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հուլիսի 31-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության կոալիցիոն կառավարության առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշի հետ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, գոհունակությամբ արձանագրել տնտեսական ոլորտի իրավական դաշտի զգալի ընդլայնումը վերջին շրջանում:
Կողմերը հանգամանալից քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության հնարավորությունները:
Դեսպան Սեյրանյանը զրուցակցին տեղեկացրել է սեպտեմբերի 10-12-ին Երևանում կայանալիք հայ-չեխական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի անդրանիկ նիստի և համատեղ գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին: