«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորահոսքը 2014թ-ի հուլիսին 2013թ-ի նույն
ժամանակահատվածի համեմատ ավելացել է 35 տոկոսով:

Եթե 2013թ-ի հուլիսին «Զվարթնոց»-ի ծառայություններից օգտվել է 179 հազար 620 ուղևոր, ապա 2014թ-ի հուլիսի ցուցանիշը 242 հազար 98 է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից, չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 34 տոկոս: 2014թ-ի հուլիսին կատարվել է 2208 չվերթ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1652 չվերթների համեմատ:


Եթե 2013թ. հուլիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:


ՀՀ կառավարությունը 2013 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ հաստատեց Հայաստանում մրցունակ ու
շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման հայեցակարգ-ծրագիրը, որը
ենթադրում է անցում «Բաց երկնքի» քաղաքականությանը: Դրա շնորհիվ նախատեսվում է, որ մեր երկրի ՀՆԱ-ն կաճի 1.5 տոկոսով, ավիատոմսերի գները կնվազեն 10-ից 50 տոկոսով, կստեղծվի 20 հազար նոր աշխատատեղ,
ուղևորափոխադրումները կաճեն 20-25 տոկոսով և այլն: