Միացյալ Թագավորությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հարգել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի դրույթները և անհապաղ քայլեր ձեռնարկել մեղմելու լարվածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԹ Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության մամուլի խոսնակը:
«Մեզ խորապես տխրեցրել են շարունակվող մարդկային կորուստները բոլոր կողմերում: Հիշեցնելով Եվրոպայի հարցերով նախարար Դեհվիդ Լիդինգթոնի խոսքերը հրադադարի 20- ամյակի առիթով, մենք կոչ ենք անում կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»,- ասվում է հայտարարությունում: