Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանի բանակցությունները պետք է ավարտվեն սահմանված ժամկետում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ, որը տարածվել է Բրյուսելում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ նրա հանդիպման արդյունքների վերաբերյալ:
«Մենք հավաստեցինք, որ կողմնակից ենք դիվանագիտական լուծման, որն ամբողջովին կփարատի իրանական միջուկային հիմնախնդրի բացառապես խաղաղ բնույթի կապակցությամբ միջազգային հանրակցության մտահոգությունը: Բանակցությունները պետք է ավարտվեն համաձայնեցված ժամկետում»,- նշել է Մոգերինին:
Նրա խոսքով՝ Զարիֆի հետ կայացած հանդիպմանը արծարծվել են «տարածաշրջանային դինամիկայի» թեմաները: «Իրանի եւ տարածաշրջանի մյուս երկրների հարաբերությունները կենսականորեն կարեւոր են տարածաշրջանի կայունության համար»,- ընդգծել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը:
ՏԱՍՍ-ը նշում է, որ հունվարի 18-ին Ժնեւում մեկնարկելու Է Իրանի հետ «վեցյակի» բանակցությունների հերթական փուլը: