Ժնեւում ավարտվել է իրանական միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների օրը, սակայն դեռեւս շատ բան անորոշ է մնում քննարկումների հետագա ընթացքի, դրանց արդյունքների կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Փետրվարի 22-ին հանդիպումները զուգահեռաբար ընթացել են երկու մակարդակով: «Պրեզիդենտ Վիլսոն» հյուրանոցում Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Միաժամանակ Ժնեւում միջազգային կազմակերպություններին առընթեր ԵՄ-ի ներկայացուցչությունում կայացել է բանակցորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշատական անդամները եւ Գերմանիան) հանդիպումը Իրանի պատվիրակության հետ՝ քաղաքական տնօրենների մակարդակով:

 

Երեկոյան Քերիին եւ Զարիֆին միացել են Իրանի փոխնախագահ, այդ երկրի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին եւ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիսը: Բանակցությունները շարունակվել են Ժնեւի ժամանակով մինչեւ կեսգիշեր, սպասվում է, որ փետրվարի 23-ին դրանք կվերսկսվեն: Առայժմ հայտնի չէ՝ հաջողվել է արդյոք որեւիցե արդյունքի հասնել այդ հանդիպումների ընթացքում:

 

Ինչ վերաբերում է քաղտնօրենների հանդիպմանը, ապա այն ավելի շուտ է ավարտվել, քան «Պրեզիդենտ Վիլսոնում» կայացած բանակցությունները: Մեկնաբանելով դրանց արդյունքները՝ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին նշել է, որ քննարկումներն օգտակար էին, «սակայն որեւէ առաջընթացի հասնել չի հաջողվել»:

 

Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Նիկոլյա դը Ռիվիերը սահմանափակվել է «հանդիպումն ավարտված է» խոսքերով՝ չճշտելով՝ դա վերաբերում է կիրակի օրը կայացած հանդիպմանը, թե բանակցությունների փուլին: