Իրանական կողմը կլքի Ժնեւում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Արեւմուտքի հետ բանակցությունները, եթե դրանց մասնակիցները փորձեն պարտադրել իրենց կամքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին հաղորդել Է իրանական «Պրես-ՏՎ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչիին:

 

«Միջուկային ծրագրի շուրջ Իրանի գլխավոր բանակցորդը հայտարարել Է, որ Թեհրանը կլքի բանակցությունները, եթե մյուս կողմերը փորձեն իրենց կամքը պարտադրել Իսլամական Հանրապետությանը»,-նշում Է հեռուստաալիքը:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, փետրվարի 22-ին Ժնեւում ավարտվել է իրանական միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների օրը: Հհանդիպումները զուգահեռաբար ընթացել են երկու մակարդակով: «Պրեզիդենտ Վիլսոն» հյուրանոցում Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Միաժամանակ Ժնեւում միջազգային կազմակերպություններին առընթեր ԵՄ-ի ներկայացուցչությունում կայացել է բանակցորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշատական անդամները եւ Գերմանիան) հանդիպումը Իրանի պատվիրակության հե տ՝ քաղաքական տնօրենների մակարդակով:

 

Քերիին եւ Զարիֆին միացել են Իրանի փոխնախագահ, այդ երկրի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին եւ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիսը: Բանակցությունները շարունակվել են Ժնեւի ժամանակով մինչեւ կեսգիշեր, սպասվում է, որ փետրվարի 23-ին դրանք կվերսկսվեն:

 

Ինչ վերաբերում է քաղտնօրենների հանդիպմանը, ապա այն ավելի շուտ է ավարտվել, քան «Պրեզիդենտ Վիլսոնում» կայացած բանակցությունները: Մեկնաբանելով դրանց արդյունքները՝ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին նշել է, որ քննարկումներն օգտակար էին, «սակայն որեւէ առաջընթացի հասնել չի հաջողվել»:

 

Ժնեւում «վեցյակի» բանակցություններում Չինաստանի պատվիրակության ղեկավար Վան Ցյունը հայտարարել Է, որ կողմերը պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել փետրվարի վերջին: «Իրանի միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների հերթական փուլն անցել Է լավ մթնոլորտում, կողմերը բովանդակալից բանակցություններ են վարել ամենագլխավոր հարցերի շուրջ… Մասնակիցները պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել այս ամսվա սկզբին, հանդիպման վայրն ու ամսաթիվը դեռ պետք Է որոշվեն»,-ասել Է Վան Ցյունը բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: