Իրանը երբեք չի հրաժարվի խաղաղ միջուկային ծրագրից, ընդսմին երկիրը մտադիր չէ ատոմային զենք ստեղծել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում հայատարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին: Դրա հետ մեկտեղ, ինչպես հաղորդել է Agence F8ance-Presse-ը, Ռոուհանին ընդգծել է, որ միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունները պետք է ավելի ակտիվ ընթանան:

 

Իրանի նախագահը միջազգային միջնորդների «վեցյակի» (ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա) հետ բանակցությունների ընթացքը «չափազանց դանդաղ» է համարել՝ կոչ անելով վերջնական համաձայնության հասնել միջուկային հիմնախնդրի շուրջ: Ռոուհանին նաեւ հույս է հայտնել, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունները կբարելավվեն, նշելով, որ այդ ուղղությամբ ջանքեր պետք է գործադրեն երկու կողմերը:

 

Դրա հետ մեկտեղ Ռոուհանին անօրինական է համարել Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները, CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի նախագահը հայտարարել է, որ միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունների համատեքստում պատժամիջոցներն անարդյունավետ են: «Առկա բոլոր տարաձայնությունները պետք է հաղթահարվեն երկխոսության ու բանակցությունների ճանապարհով»,- ընդգծել է նա, հույս հայտնելով, որ Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնությունը ձեռք կբերվի սահմանված ժամկետում՝ մինչեւ այս տարվա նոյեմբերի 24-ը: