Եվրամիությունը համաձայն է քննարկել ԱՄՆ-ի հետ «սահմանափակ առեւտրային համաձայնագիրը», սակայն մտադիր չէ պայմանավորվել առեւտրի կարգավորման մասին, որը կհակասեր ԱՀԿ-ի կանոններին: Այդպես է արձագանքել առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրյոմը թվիթերյան իր էջում Թրամփի՝ ավտոմեքենաների եւ ավտոմասերի համար մաքսատուրքի սահմանումը 6 ամսով հետաձգելու որոշմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հերքում ենք կարծիքը, որ մեր ավտոմեքենաների արտահանումը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը: ԵՄ-ը պատրաստ է բանակցություններ վարել սահմանափակ առեւտրային համաձայնագրի շուրջ, այդ թվում՝ քննարկել ավտոմեքենաների հատվածին վերաբերող հարցեր, սակայն մտադիր չէ պայմանավորվել առեւտրի կարգավորման մասին, որը կհակասեր ԱՀԿ-ի կանոններին»,-գրել է Մալմսթրյոմը:
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մայիսի 27-ին Փարիզում նա կքննարկի այդ հարցերն առեւտրային բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ:
Թրամփը պետք էր մինչեւ մայիսի 18-ը որոշում կայացներ ավտոմեքենաների եւ ավտոպահեստամասերի ներմուծման համար 25 տոկոսի չափով մաքսատուրքը գործադրելու կամ չգործադրելու մասին: Մայիսի 17-ին նախագահն օգտվել էր իրավունքից (համաձայն ԱՄՆ-ի առեւտրային օրենսդրության) եւ հետաձգել մաքսատուրքերի սահմանումը 180 օր ժամկետով առեւտրային գործընկերների հետ այդ թեմայով բանակցությունները շարունակելու համար: