Եվրահանձնաժողովն առաջարկում է գազի հարցի շուրջ նոր եռակողմ բանակցություններ վարել մինչև հուլիսի կեսերը: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Էներգետիկայի եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը:

 

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը հուսով է գազի հիմնախնդրի լուծումը գտնել ամռան ընթացքում, երբ պահեստարաններում բավականաչափ գազ կա, իսկ դրա պահանջարկը փոքր է:

 

«Անշուշտ, մենք գտնվում ենք նրբանկատություն պահանջող իրավիճակում,- ասել է Էթինգերը:- Այժմ հունիսն է, ուստի այժմ հրատապություն չկա, բայց իմ հոգսը և իմ նպատակն ամառային ամիսներն օգտագործելն է՝ հիմնախնդրի լուծման համար»,- հավելել է նա:

 

Էթինգերը նաև պատմել է, որ մոտ օրերս կխոսի Ուկրաինայի նախագահի հետ, որպեսզի հաջորդ շաբաթ կազմակերպի երկկողմ բանակցություններ: Դրանից հետո նա ծրագրում է Ռուսաստանին առաջարկել՝ քննարկելու մինչև հուլիսի կեսերը եռակողմ ձևաչափով բանակցությունների հերթական փուլն անցկացնելու հնարավորությունը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: