ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ նամակ էր ուղարկել ԿԸՀ, որում, ըստ էության, պահանջում է բացառել գործող նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունն ընտրություններում:
«Մինչեւ քարոզարշավի սկիզբը իշխող կուսակցության թեկնածուի գրանցումն անվավեր չճանաչելու դեպքում, անձամբ իմ եւ հանրության ընտրական իրավունքը համարելու եմ խախտված: Իմ քաղաքացիական պարտքը թելադրում է այդ իրավունքը պաշտպանելու համար հայտարարել անժամկետ հացադուլ»,- գրել էր նախագահի թեկնածուն:
Yerkir.am-ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանը հստակեցրեց, որ իր պահանջը չկատարելու դեպքում հացադուլը սկսելու է հունվարի 21-ից' պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրվանից: Թե որտե՞ղ է հացադուլ անելու, նախագահի թեկնածուն դեռ չի կողմնորոշվել, կասի ավելի ուշ:
«Եթե քարոզարշավին մասնակցում է որեւէ սուբյեկտ, որը դրա իրավունքը չունի, ըստ էության, նա Ձեր ազատ ընտրելու իրավունքը խախտում է: Դա է տրամաբանությունը»,- մեզ հետ զրույցում նշեց նա:
Փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ որոշեց հենց հացադուլի միջոցով «հարցեր լուծել»: «Ամբողջ աշխարհն է փորձում այս ձեւով նմանատիպ հարցերին լուծում տալ: Ռեժիմը կարելի է իշխանությունից հանել միայն հարկադրանքով, իսկ հարկադրանքի միջոցներից մեկը հացադուլն է: Ռեժիմները երբեք ընտրություններով չեն հանձնում իշխանությունը որեւէ մեկին: Այդպիսի օրինակ աշխարհում չկա»,-հայտարարեց Ղուկասյանը:
Թե ի՞նչ ակնկալիքներ ունի իր իսկ պահանջի կապակցությամբ, նա այդպես էլ չասաց: «Իմ ակնկալիքներից եկեք չխոսենք: Եթե մարդը ներկայացնում է պահանջ, դուք այն ընդունում եք կամ չեք ընդունում' համարելով, որ այդ պահանջն անլուրջ է»,- հայտարարեց Ղուկասյանը:
Ի դեպ, ողջ զրույցի ընթացքում նախագահի թեկնածուն բավականին լարված էր: Իսկ մեր այն դիտարկումը, թե ստացվում է' իր պահանջի չբավարարման դեպքում պաշտոնական քարոզարշավի մեկնարկը տալու է հացադուլով, բոլորովին հունից հանեց նախագահի թեկնածուին...