Իրաքի հյուսիսային զավթած շրջաններում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման գործունեությանն արած անդրադարձում գերմանական առաջատար Die Welt թերթը հայտնել է, որ այդ կազմակերպության կազմում ոչ արաբական երկրներից ամենաշատ մարտիկներ ընդգրկված են Թուրքիայից: 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթի՝ «ԻԼԻՊ-ի թուրքական միավորումը» վերնագրով հոդվածում նշվում է, որ Անկարայի ունեցած տեղեկությունների համաձայն, ԻԼԻՊ-ի շարքերին միացած թուրք քաղաքացիների թիվը գերազանցում է հազարը: «ԻԼԻՊ-ի մոտ 10-15 հազար մարտիկների նվազագույնը 10 տոկոսը Թուրքիայի քաղաքացիներ են», -նշում է թերթը: 

 

Թերթի կարծիքով, եթե դրան գումարվի Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Ավստրիայի և Եվրոպայի այլ երկրների' ԻԼԻՊ-ին միացած թուրք քաղաքացիները, ապա կնշանակի, որ այդ ահաբեկչական կազմակերպության մեջ թուրքական տարրը կարևոր տեղ է զբաղեցնում: Թերթը համոզմունք է հայտնում, որ բազմաթիվ թուրքեր ԻԼԻՊ-ի կողմից ուսուցանվելուց հետո վերադարձել են Թուրքիա, և պասիվ վիճակում սպասող այդ մարտիկների զանգվածը, ժամանակը հասնելուն պես, գործողության կանցնի Թուրքիայի ներսում:

 

Իրաքում և Սիրիայում որոշակի հաջողություններ գրանցած ԻԼԻՊ-ի պարագլուխները ժամանակ առաջ հայտարարել են, որ իրենց հաջորդ թիրախները կլինեն Թուրքիան և Ադրբեջանը: