Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է քաղաքապետարանի ենթակայության
Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:

 

Ավելի քան 450 սան ունեցող կրթօջախի համար նորոգումն առաջնային անհրաժեշտություն էր: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նորոգվում են բոլոր դասասենյակները, միջանցքներն ու դահլիճը: Ամբողջությամբ փոխվում է նաև մանրահատակը:

 


Երաժշտական դպրոցի տնօրենի հավաստմամբ՝ պայմանների բարելավումն, անշուշտ, կնպաստի որ գեղագիտական դաստիարակութուն ստացող երեխաներն ավելի մեծ հաճույքով հաճախեն դասերի:
Այնուհետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքապետարանի ենթակայության թիվ 106 մանկապարտեզ, որտեղ շրջել և հետևել է Երևանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով իրականցվող հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքներին:

 


Պատասխանատուները, քաղաքապետին ներկայացնելով կատարվող աշխատանքները, զեկուցել են, որ հիմանորոգվում է մանկապարտեզի տանիքը, սանհանգույցները: Փոխվում են նաև դռներն ու պատուհանները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շրջելով և ծանոթանալով հիմնանորոգման ընթացքին, բոլոր պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել որակին և
սահմանված ժամկետների պահպանմանը:

 


Մանկապարտեզի տնօրենը, ծնողների անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին իրենց նախադպրոցական ուսումնական հաստատությունը ևս այս տարվա ծրագրում ներառելու համար, նկատել է, որ 1973 թվականին հիմնադրված մանկապարտեզում երբևէ որևէ վերանորոգում չէր արվել:
Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները լինելու են շարունակական և հաջորդ տարիներին ևս մանկապարտեզում կշարունակվեն հիմնանորոգումները: