Երեկ գիշեր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գոտուց ուղղաթիռով զինվորական հոսպիտալ են տեղափոխվել վիրավոր երեք զինծառայող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով axar.az լրատվական կայքը, նրանք վիրավորվել են ճակատային գոտում վառելիք տեղափոխող ավտոմեքենայում «անզգուշություն» թույլ տալու պատճառով հրդեհ առաջանալու հետեւանքով: Արդյունքում ավտոմեքենան պայթել է , եւ նրա մեջ գտնվող երեք զինծառայողները ծանր վնասվածքներ են ստացել:

 

Վնասվածք ստացածներից մեկը Բարդայի զինկոմիսարիատից զինծառայության կանչված Էլմադդին Աբդուլլաեւն է, մյուս երկուսի անունները դեռեւս ճշտվում են:

 

Զինվորական հոսպիտալից կայքին հայտնել են, որ զինվորների կյանքին վտանգ չի սպառնում: Նրանց ծնողները հրավիրվել են հոսպիտալ:

 

Ադրբեջանը առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք: