Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի մահացել է երեկ Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը:
Ըստ հաղորդագրության' նախնական տվյալներով՝ Պետորսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Ներկայում Ադրբեջանի ՊՆ դատաբժշկական փորձագիտական և պաթոլոգոանատոմիական կենտրոնի Գյանջայի տարածաշրջանային բաժանմունքի փորձագետները իբր պարզում են հայ գերու մահվան իրական պատճառը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը երեկ հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել:
Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից:
Կարեն Պետրոսյանին Ադրբեջանում ներկայացնում էին որպես դիվերսանտ: