Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների եւ պատանդների հանձնաժողովի նախագահ Շահին Սայիլովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ գերեվարված Հայաստանի քաղաքացի Արսեն Խոջոյանի հայրենադարձման հարցով բանակցությունները շարունակվում են: Այս մասին հայտնում է day .az լրատվական կայքը:
Նրա խոսքով, բանակցությունները նորմալ են ընթանում, սակայն, որոշ հարցեր դեռեւս հստակեցվելու կարիք ունեն:

 

Սայիլովն ասել է, որ Արսեն Խոջոյանի հարցով հստակություն կլինի առաջիկա 30-40 օրվա ընթացքում: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի երիտասարդ քաղաքացին մտադիր չէ մեկնել երրորդ երկիր: Նրա խոսքով, եթե Արսեն Խոջոյանը ցանկանար դա, ապա կհայտներ այդ մասին:

 

Մարտի 7-ին մոտ ժամը 12:30-ին Թովուզում տեղաբնակները գերեվարել են խիտ ամպամածության պատճառով մոլորվելով հայ-ադրբեջանական սահմանը հատած Տավուշի շրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա հովիվ Արսեն Խոջոյանին: Գերեվարված հայ երիտասարդին բնակիչներն անմիջապես հանձնել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներին: Արսեն Խոջոյանը ադրբեջանական գերությունից մարտի 4-ին վերադարձված եւ այնտեղ խոշտանգումների ենթարկված Հայաստանի 77-ամյա քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է: