«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերն անցած և Ռաքքա մեկնած բրիտանուհի Սալլի Ջոնսը ցանկանում է վերադառնալ հայրենիք, սակայն զինյալները նրան դա թույլ չեն տալիս: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաընկերությունը:
Սալլի ջոնսը, ով նաև հայտնի է «Սպիտակ այրի» անունով, ընդունել էր իսլամ և իր սիրեցյալի՝ ներգաղթյալ Ջունաիդ Հուսեյնի ազդեցության տակ մեկնել էր Սիրիա, որտեղ միացել էր ԻՊ-ին: Ջոնսը Ռաքքա էր տարել նաև որդուն: 2015 թվականին Հուսեյնն օդային հարվածների ժամանակ սպանվել էր:
«Նա լալիս էր և ցանկանում էր վերադառնալ Բրիտանիա, սակայն «Իսլամական պետություն»-ը թույլ չի տալիս, քանի որ նա զինվորականի կին է»,- հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Ջոնսի ընկերուհին:
Ներկայում Ջոնսը միջազգային հետախուզման մեջ է: