Իրաքում ահաբեկիչների գործողությունների հետեւանքով փախստական եզդիների թիվն անցնում է 200 հազարից: Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Սինջար եզդիներ ազգային միավորման փոխնախագահ Մամե Ամիրյանը:

 

«100 հազար եզդի ապաստանել է լեռներում՝ շրջապատված ահաբեկիչներով՝ մատնված սովի և ծարավի: Ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասնում է 5000-ի, 60 ե րեխա մահացել է սովից և ծարավից՝ չհաշված այն, որ օգոստոսի 8-ի տվյալներով' 45 կանայք և աղջիկներ ինքնասպանություն են գործել՝ ահաբեկիչների ձեռքը չընկնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

 

Ամիրյանը տեղեկացրեց, որ երեկ Իրաքից շուրջ 1000 եզդի է տարհանվել դեպի Հյուսիսային Իրաքի ավելի ապահով վայրեր՝ մարդասիրական օգնություն բերած ուղղաթիռներով: «10 հազարից ավելի եզդիներ անցել են սիրիական սահմանը և այժմ գտնվում են սիրիական Քրդստանի տարածքում: Մի քանի հազար եզդի էլ այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում»,- նշեց նա:

 

Իրաքից եզդիներ է ընդունել նաև Վրաստանը: Ամիրյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ իրենք տեղեկություն են ստացել, որ եզդիական մի քանի ընտանիք այս պահին գտնվում է Թբիլիսիում:

 

Սինջար եզդիների ազգային միավորման նախագահը ներկայացրեց իրենց հասած տվյալները, ըստ որոնց' երեկ ԱՄՆ ռազմաօդային հարվածների հետևանքով շուրջ 60 ահաբեկիչ է զոհվել, ինչպես նաև դրանից հետո որոշակի առաջխաղացում է նկատվում քրդական և եզդիական զինված ջոկատների մոտ, որոնք կարողացել են մի շարք բնակավայրեր ազատագրել ահաբեկիչներից: