armsport.amՄադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան այս ամռանը բանակցություններ է վարել անգլիական երեք գրանդ ակումբների հետ, հայտնում է Sport.es-ը։
27-ամյա ֆուտբոլիստը կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» եւ «Արսենալի» հետ, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ ֆինանսական հարցում։ Երեք ակումբներից եւ ոչ մեկը չի համաձայնել Խեդիրային տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ վճարել։
Եթե գերմանացի ֆուտբոլիստը չնվազեցնի ֆինանսական պահանջները, ապա կմնա «Ռեալում»։ Մադրիդցիները պատրաստ են բաց թողնել ֆուտբոլիստին 25 միլիոն եվրոյով։
Նշենք, որ «Ռեալը» մի քանի անգամ փորձել է նոր պայմանագիր ստորագրել Խեդիրայի հետ՝ առաջարկելով տարեկան 4.5 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն առաջարկները մերժվել են։
Խեդիրայի եւ «Արքայական ակումբի» միջեւ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2015 թվականի ամռանը։