Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի համայնքների տնտեսություններում օգոստոսի երկրորդ շաբաթից աշնանացան ցորենի արտերում սկսվել է հացահատիկի բերքահավաքը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավազան, Փոքր Մասրիկ, Գեղամասար համայնքների ղեկավարները, իրենց գյուղերում արդեն հնձվել է մոտ 1000 հեկտար աշնանացան: Հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 20-25 ցենտներ: Բերքատվությունն առավել բարձր է եղել այն հողերում, որոնք նախորդ տարի դրված են եղել կարտոֆիլի կամ բազմամյա խոտաբույսերի ցանքի տակ: Եղած տեխնիկան բավարար է' բերքահավաքը ժամանակին կազմակերպելու եւ ավարտին հասցնելու համար: Աշնանացան ցորենի արտերը մարզում կազմում են ավելի քան 20 հազար հեկտար, որոնց գերակշիռ մասը գտնվում է Վարդենիսի տարածաշրջանում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով, դեռեւս հասունացման փուլում են գտնվում պետական աջակցությամբ հատկացված ցորենի բարձրորակ սերմացուների ցանքերը, որոնցից սպասվում է աննախադեպ բարձր բերքատվություն' մինչեւ 50-60 ցենտներ մեկ հեկտարից:

 

Ցորենի բերքահավաքը մարզում կընթանա մինչեւ սեպտեմբերի առաջին տասնօրյակը: