Թուրքիայում խիստ կարեւորում են միջազգային հանրության տրամադրությունները 2015 թվականին ընդառաջ եւ անմիջապես արձագանքում արտասահմանյան երկրներում Հայոց ցեղասպանության իրողության մասին հիշատակումներին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը արձագանքել է Գերմանիայի խորհրդարանի խոսնակ Նորբերտ Լամմերտի' Բունդեսթագում հուլիսի 3-ին կազմակերպված' «Առաջին համաշխարհային պատերազմի 100 տարին» խորագրով միջոցառման ժամանակ Հայոց ցեղասպանությանն արած անդրադարձին, որտեղ նա ասել էր, որ «հայերի բռնագաղթով, այդ ճանապարհով նրանց վերացումն ու զանգվածային կոտորածները վերածվեցին պատերազմական միջոցի»:

 

Այդ առնչությամբ Լամմերտին հղած նամակում Չիչեքը գրել է. «Կարծում եմ համաշխարհային պատերազմի մեր զինակից Գերմանիան լավ գիտի, որ տեղահանությունը կատարվել է' ելնելով ռազմական անհրաժեշտությունից», եւ նշել, որ 2015 թվականին ընդառաջ' Թուրքիան Գերմանիայից «անկողմնակալ վերաբերմունք» է ակնկալում:

 

Չիչեքը նամակում նշել է, թե հայերի տեղահանման համար, իբր, «պատմական փաստարկներ են եղել»:

 

Անդրադառնալով Չիչեքի' «պատմական փաստարկներ» արտահայտությանը' Թուրքիայի «Բիլգի» համալսարանի պրոֆեսոր Այհան Աքթարն ասել է, որպես պաշտոնական փաստարկ, թուրքական կողմը կիրառում է այն հանգամանքը, որ արեւելյան ճակատում ռուսների մոտենալու հետ հայերին տարհանել են, որպեսզի «կանխեն ռուսների հետ նրանց համագործակցությունը»: Աքթարը նաեւ նշել է, որ այդ դեպքում անպատասխան է մնում այն հարցը, թե ինչու հայերը բռնագաղթի ենթարկվեցին նաեւ այն շրջաններից, որոնք հեռու էին արեւելյան ռազմաճակատից:

 

Աքթարը հիշեցրել է, որ այդ ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության զինված ուժերի գլախվոր շտաբի պետը գերմանացի Շելենդորֆն էր, իսկ գերմանական հյուպատոսությունները պարբերաբար Բեռլինին տեղեկացնում էին տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Թուրք պրոֆեսորը դրանով ակնարկել է, որ այն ժամանակ Գերմանիան աչք է փակել կատարվածի վրա:

 

Մեկնաբանելով Լամմերտին Չիչեքի հղած նամակը, պաշտոնաթող թուրք դեսպան Վոլքան Վուրալն էլ նշել է, որ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը դրանով ցանկացել է ասել, որ 2015 թվականի հետ կապված իրենք «լավ վերաբերմունք» են ակնկալում Գերմանիայից: