Հայաստանում բնակվող եզդի առաջնորդների տեղեկություններով, եզդիների հանդեպ քրդական կազմակերպությունների կողմից սպանդներ են տեղի ունեցել բոլոր ժամանակներում, իսկ Հյուսիսային Իրաքում մինչ օրս տեղի ունեցող վերջին ցեղասպանությունը 74-րդն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

 

«Իրաքում եզդիները մշտապես ենթարկվել են խոշտանգումների, այնտեղ մեկ միլիոն երեք հարյուր հազար եզդի է ապրում: Մենք այնտեղ ունենք մեր քաղաքը՝ Սինջարը, ուր արդեն մարդ չի մնացել»,- տեղեկացրեց Թամոյանը' պարզաբանելով, որ անտեր թողնված դիակների պատճառով համաճարակ է բռնկվել, և բոլորն, այդ թվում' իսլամիստները լքում են քաղաքը:

 

Թամոյանի խոսքով, իսլամիստների նպատակը Քուրդստան ստեղծելն է, որի համար վերացնում են քրիստոնյաներին և արևապաշտ եզդիներին: Ընդհամենը երեք օր առաջ քրդերը 81 կնոջ են բռնաբարել և հետո գնդակահարել, միայն իրենց հավատքի համար սպանում են երեխաների, կանանց, հղիներին:

 

Եզդիների շեյխ Բրո Հասանյանը համոզված է, որ եզդի ժողովուրդը դարձել է տերությունների ղեկավարաների քաղաքական շահերի զոհը և այսօր մատնված է անտարբերության: «21-րդ դարում եզդիների դեմ ցեղասպանություն է իրականացվում, որի պատսխանատվությունը կրում են Թուրքիայի նախագահ Էրդողանը, Իրաքի նախկին նախագահ Թալաբանին և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Բարզանին: Եզդի ժողովուրդը հույս ուներ, որ իր հոգևոր առաջնորդները և ղեկավարները միջոցներ կձեռնարկեին, սակայն մեր առաջնորդն իր ժողովրդին լքեց ամենածանր պահին: Զարմանալի է, թե ինչպես կարելի է մի ազգի բնաջնջել ընդամենը նրա հավատքի համար: Ցեղասպանություն է արվել նաև հայ ժողովրդի նկատմամբ' քրիստոնյա լինելու համար, հրեաների նկատմամբ, իսկ այս դարի սկզբին նույն մարդասպանությունների զոհն է դարձել եզդի ժողովորդը»,- նշեց Հասանյանը:

 

Բանախոսները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին և հայ ժողովրդին առաջին օրից եզդի ժողովրդին սատարելու և աջակցելու համար: Նրանք նաև նշեցին, որ, թեև Հայաստան եզդի փախստականներ չեն եկել, իրենք սեփական ջանքերով կկարողանան Հայաստանում ընդունել մոտ 150 ընտանիքի: