Ադրբեջանական կրակահերթի պատճառով բնակարանից զրկված այգեպարցի ընտանիքը շտապել է վերադառնալ Ռուսաստանից և տեղավորվել նոր բնակարանում: Ընտանիքն օգոստոսի 10-ի հրդեհի ժամանակ բացակայել էր Հայաստանից, և կարճ ժամանակով Ռուսաստանում էր: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ընտանիքը ՌԴ-ից գյուղ է վ երադարձել երեք օր առաջ: «Նրանց տան ունեցվածքն այրվել է, բնականաբար, շատ տխուր են: Դժվարացել եմ հարցնել նրանց, թե ինչպես են: Ընտանիքը նշում է, որ ուրախ են, որ ոչ ոքի ոչինչ չի պատահել: Նրանք շնորհակալություն են հայտնել Տավուշի մարզպետին աջակցության և նոր բնակարան ստանալու կապակցությամբ»,-նշեց Այդինյանը: Կրակահերթից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրը լուծվել էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անմիջական նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ:
Գյուղապետն ընդգծեց, որ երկու ընտանիքներին հատկացված նոր բնակարանները 20 տարի չեն բացվել, և վերանորոգման կարիք ունեն: «Սովետական իշխանության ժամանակ շենքը կառուցվել է, և այդպես էլ մնացել»,-հավելեց նա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայություն օգոստոսի 10-ին' ժամը 04.20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը և իրականացրել հերթապահություն: Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին և 120քմ. մակերեսով Ա. Գ.-ին պատկանող տները: Հրդեհն ինքնամարվել է. տներն ամբողջությամբ այրվել են:
Հրդեհը բռնկվել էր ադրբեջանական զինուժի կողմից այրող փամփուշտներով հայկական բնակավայրերը կրակի տակ պահելու հետեւանքով: Իսկ հրշեջ մեքենան չի կարողացել մոտենալ, քանի որ ճանապարհը եւս անընդհատ կրակի տակ է եղել: ՀՀ զինված ուժերի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն հակառակորդի դիրքերի ուղղությամբ, կրակը դադարեցվել է: