Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Ուշագրավ է, որ նա չի հանդիպել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով' Վրաստանի վարչապետը նախապես է հրաժարվել հանդիպել ՀՀ խորհրդարանի ղեկավարի հետ:

Այսօր ԱԺ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն' Բիձինա Իվանիշվիլին բավականին դժգոհ է Հովիկ Աբրահամյանից և մի շարք ջավախքահայ պատգամավորներից և իր դժգոհությունը հասկանալի է դարձրել նաև ՀՀ իշխանություններին:

Ասում են, որ Հ. Աբրահամյանն իր ազդեցության ներքո գտնվող ջավախքահայ պատգամավոր Վարդան Այվազյանի միջոցով որոշակի գործունեություն է ծավալում Ջավախքում: Բացի այդ' Վ. Այվազյանն ինքն էլ խոշոր բիզնես-գործունեություն է ծավալում Վրաստանում, ստվերային կերպով համագործակցել է վրաց նախկին պաշտոնյաների' նաև նախկին վարչապետի հետ:

Հիշեցնենք նաև, որ Վ. Այվազյանը որոշակի կապեր ունի Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ և անցած աշնանը այդ երկրի խորհրդարանական ընտրություններին Ջավախքի ընտրողների շրջանում աշխատել է հօգուտ նրա:

Եվ հիմա Վրաստանի նոր վարչապետը դժգոհ լինելով Վ. Այվազյանի ու Հ. Աբրահամյանի այդ գործունեությունից, նախկին կառավարության հետ ունեցած նրանց հարաբերություններից՝ մեր երկիր կատարած այցի ժամանակ բացահայտ հրաժարվել է հանդիպել ՀՀ ԱԺ նախագահի հետ: