«Քրդստանի համայնքների միություն» (KCK) քաղաքական կազմակերպության համանախագահ Ջեմիլ Բայըքը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի եւ Իրաքի հյուսիսային հատվածներում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման թիկունքում ամենամեծ ուժն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քուրդ կուսակցապետը հայտարար ել է IMC TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Թուրքիան ԻԼԻՊ-ի թիկունքում գտնվող ամենամեծ ուժն է: Մերձավոր Արեւելքում ԻԼԻՊ-ի միջոցով միջկրոնական պատերազմ հրահրողը Թուրքիան է: Միջկրոնական պատերազմներ հրահրելով' Թուրքիան ցանկանում է գլխավոր ուժի վերածվել Մերձավոր Արեւելքում եւ խեղդել քրդերի ազատագրական շարժումը», -ասել է նա:
Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) արբանյակ կուսակցություն համարվող կազմակերպության համանախագահը Թուրքիայի կոչ է արել հրաժարվել նման քաղաքականությունից:
«Այդ քաղաքականությունը շարունակելու դեպքում Թուրքիան մեծ վնաս կկրի: Համոզված եմ, որ նման քաղաքականությունը Թուրքիային կկանգնեցնի Սիրիայի եւ Իրաքի նման խնդիրների հետ դեմ դիմաց: Այս զգուշացումները Թուրքիայի փրկության համար են արվում...Թուրքիան կարող է խնդիրները հաղթահարել, եթե ժողովրդավարացման հետ միասին լուծի քրդական խնդիրը»,- ասել է Բայըքը:
PKK-ի զինյալ թեւի առաջնորդներից մեկը հանդիսացող Ջեմիլ Բայըքը նաեւ հայտարարել է, որ ներկայում Իրաքում եւ Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ամենակարող ուժը քրդական շարժումն է: