Ֆրանսիական «Լանս» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժերվե Մարտելն Ադրբեջանի կառավարությունից 4 մլն եվրո է պահանջել թիմի կողմից այդ երկրի գովազդը շարունակելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ֆրանսիական Canal+ հեռուստաալիքը, խնդիրը ծագել է այն բանից հետո, երբ «Լանսի» ադրբեջանցի արկածախնդիր օլիգարխ մաժորիտար բաժնետեր Հաֆիզ Մամեդովը սնանկացել է և չի կարողացել ակումբին փոխանցել խոստացած 10 մլն եվրո գումարը, ինչի պատճառով ակումբի ղեկավարությունը չի կարողանում նոր ֆուտբոլիստներ ներգրավել թիմում: Ժերվե Մարտելը հայտարարել է, որ եթե Ադրբեջանի կառավարությունը մինչև առաջիկա սեպտեմբերի 1-ը ակումբի հաշվին գոնե 4 մլն եվրո չփոխանցի, ապա ակումբը թիմի ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից կհանի Land of Fire Azerbaijan («Կրակի երկիր Ադրբեջան») գրությունը:
Ադրբեջանի այդ գովազդը ֆրանսիական ակումբին պարտադրել էր կատարել ադրբեջանցի օրլիգարխը' երկու տարի առաջ ակումբի բաժնետոմսերի մեծ մասը ձեռք բերելուց հետո, ինչի վերաբերյալ պայմանագիր էր կնքվել այն մասին, որ ակումբը պետք է այդ գրությամբ մարզաշապիկներով հանդես գա ևս երկու տարի: Ժերվե Մարտելը գտնում է, որ Ադրբեջանի գովազդը շարունակելու համար օլիգարխի փոխարեն խոստացված գումարից գոնե 4 մլն եվրոն պետք է փոխանցի ադրբեջանական կառավարությունը:
Ադրբեջանական կողմի արձագանքն այդ պահանջին դեռևս հայտնի չէ: «Լանսի» ղեկավարությունը 4 մլն եվրոյի հետ կապված բանակցությունները տանում է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարության հետ: